Ռուսաստանն «այժմ այլ է» և պատասխան գործողություններ է պատրաստում. Կրեմլը՝ Դաղստանի և Ղրիմի դեպքերի մասին


Մոսկվային հայտնի է, թե ով է կանգնած Սևաստոպոլի վրա «բարբարոսական հարձակման» հետևում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РБК-ն։


Նրա խոսքով՝ հունիսի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զեկույցներ է ստացել ու հանձնարարականներ տվել, նա մշտական ​​կապի մեջ է ուժայինների ու առողջապահության նախարարության հետ։ «Նախագահը խորապես ցավակցում է բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին Ղրիմում, ինչպես նաև Դաղստանում սպանվածների հարազատներին ու մտերիմներին։ Բոլորին կտրամադրվի համապատասխան օգնություն»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։


«Ոչ բարեկամ երկրներից ոչ մի հեռագիր չի եղել, և մինչ այժմ մենք դատապարտման խոսքեր էլ չենք լսել»,- նշել է Պեսկովը։


Լրագրողների այն հարցին, թե արդյոք Ղրիմի և Դաղստանի դեպքերը կապվա՞ծ են, Պեսկովը պատասխանել է, որ ոչինչ չի կարող ասել. «Ես հիմա ոչինչ չեմ կարող ասել այս մասին։ Կան քննչական մարմիններ, որոնք իրենց գործը կանեն։ Հետո արդեն կարելի է որոշ եզրակացություններ անել՝ սա նո՞ւյն (միջադեպերի) շարքն է, թե՞ ոչ: Մենք տեսնում ենք, մի կողմից, բացարձակ բարբարոսական հարձակում Ղրիմում։ Մենք հիանալի հասկանում ենք, թե ով է կանգնած սրա հետևում»։


Պեսկովը հիշեցրել է Պուտինի վերջին հայտարարությունն այն մասին, թե ով է «այս միանգամայն տեխնոլոգիապես բարդ հրթիռները» ուղղորդում թիրախների վրա և ապահովում արձակում: Պեսկովը պաշտպանության նախարարությանն է վերահասցեագրել այն հարցը, թե արդյոք Ուկրաինան և ԱՄՆ-ն հատե՞լ են կարմիր գծերը։

 

Նա զգուշացրել է նման հարձակումների համար ռուսական պատասխան գործողությունների մասին։ «Իհարկե, ԱՄՆ-ի ներգրավվածությունը ռազմական գործողություններին, որոնց հետևանքով զոհվում են ռուս խաղաղ բնակիչներ, չի կարող հետևանքներ չունենալ։ Թե կոնկրետ ինչպիսի՝ ժամանակը ցույց կտա»,- ասել է Պեսկովը: Սակայն նա հավելել է, որ Պուտինի խաղաղության պայմանները մնում են ուժի մեջ։


 Հարցին՝ Ղրիմում զբոսաշրջային սեզոնը հնարավո՞ր է փակվի, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտնել է, որ այդ կապակցությամբ որոշումներ չկան։ Պեսկովը բացառել է Ռուսաստանի վերադարձը 2000-ականներին՝ կապված տեղի ունեցած իրադարձությունների հետ։ «Այժմ այլ Ռուսաստան է, հասարակությունը բացարձակապես կոնսոլիդացված է, և նման հանցավոր ահաբեկչական դրսևորումները, ինչպիսին այն էր, որ տեսանք Դաղստանում, չի աջակցում ոչ բուն Ռուսաստանի, ոչ էլ Դաղստանի հասարակությունը»,- նշել է Պեսկովը։